Բաքվում արհամարհեցին Ալիեւի ավանդական «աճպարարությունը»

NKRԵԱՀԿ Մինսկի խումբը հստակ մատնանշում է հրադադարի ռեժիմը խախտող Ադրբեջանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը նշանավորվեց նրանով, որ իրենց վերջին կանգառում` Բաքվում, հունիսի 19-ին համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում ամփոփելով տարածաշրջանային վերջին այցի ընթացքում ունեցած հանդիպումները՝ կրկին պաշտոնական Բաքվին մատնանշեցին որպես լարվածություն ստեղծող կողմի: Համանախագահները հունիսի 10-ին Երեւանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հունիսի 12-ին մեկնել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել են փաստացի (դե ֆակտո) իշխանություններին: Համանախագահներն այցելել են նաեւ Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններ՝ Զանգելան, Կուբաթլի, Լաչին եւ Քելբաջար՝ նշում էին միջնորդները: Ապա հունիսի 19-ին մեկնել են Բաքու, որտեղ հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ ասվում էր հայտարարության մեջ եւ նշվում, որ Ադրբեջանում համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերջին խախտումների, այդ թվում՝ իրենց այցի նախօրեին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ, որոնց հետեւանքով շփման գծում եղել են կորուստներ: «Համանախագահներն Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ: Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը: Համանախագահները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմաններին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են անում բարեխղճությամբ եւ քաղաքական կամքի դրսեւորմամբ վերսկսել բովանդակային բանակցությունները»,- ասվում էր հունիսի 19-ին տարածած հայտարարության մեջ: Հուլիսի 3-ին ծրագրված է համանախագահների այցը Վիեննա, որտեղ նրանք կատարած այցերի մասին կտեղեկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբին: Միջնորդներն առաջիկայում կրկին պետք է հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին` քննարկելու առաջիկա աշխատանքներին առնչվող հարցեր: Ապրիլյան պատերազմից հետո, այսպիսով, համանախագահները Ադրբեջանի իշխանություններին սթափեցնող երկրորդ հասցեական հայտարարությունը տարածեցին: Ընդ որում, հարկ է նկատել, որ Բաքվում համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի իշխանությունները շարունակել են կեղծ տեղեկություններ հաղորդել, սակայն արդյունքում համանախագահները տարածել են հայտարարություն, որից կարելի է եզրակացնել, որ Բաքվի ապակողմնորոշիչ հայտարարությունները միջնորդներն ուղղակի արհամարհել են: Այսպես, Ալիեւը պնդել է, թե հայկական կողմը «բոլոր կարեւոր միջոցառումներից կամ համանախագահների այցերից առաջ դիմում է սադրանքների»: Ընդունելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, թե, իբր, վերջին օրերի միջադեպերի համար պատասխանատվությունը հայկական կողմն է կրում: Ավելին` Ալիեւը նույնիսկ հայտարարել է, թե Հայաստանն ամեն գնով փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, փորձում է միջնորդների ուշադրությունը հրավիրել բացառապես անվտանգության հարցերի վրա եւ այդ միջադեպերն օգտագործել որպես հրադադարի խախտումների համար Ադրբեջանին մեղադրելու պատրվակ: Ու սա ասվում է այն դեպքում, երբ համանախագահների տարածաշրջանային վերջին այցը զուգորդվեց հայկական կողմից զոհերով: «Համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներն ափսոսանք են հարուցում: Այն հայտարարության մեջ, որը մենք կընդունենք, արտացոլվելու է ռազմաճակատում ստեղծված իրավիճակը»,- ասել է ռուսաստանցի համանախագահ Պոպովը: Վերջինս նաեւ տեղեկացրել է, թե շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հարցը քննարկել է ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, այլեւ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: «Մենք շատ ենք ցավում այդ միջադեպերի համար եւ պետք է ամեն բան անենք, որ դրանք չկրկնվեն: Մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ՝ լարվածությունը թուլացնելու համար»,- հավաստիացրել է Պոպովը: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներում նրանց կեղծ հայտարարություններից հետո համանախագահները հենց Բաքվից տարածեցին մի հայտարարություն, որում ոչ միայն Բաքվին էին մատնանշում որպես լարվածություն ստեղծող կողմ, այլեւ իրենց այցելությունների մասին նշելով` «Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններ՝ Զանգելան, Կուբաթլի, Լաչին եւ Քելբաջար», միջնորդները հայտարարության մեջ չէին գործածել նաեւ Ադրբեջանի համար դուրեկան` «օկուպացրած» տերմինը: Հավելենք նաեւ, որ համանախագահների վերջին այցը ընթանում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, որոնք պետք է ավարտվեն մինչեւ հունիսի 24-ը: Այսպիսով, համանախագահները թեեւ նաեւ հայկական կողմին են կոչ անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ, սակայն պարզ է, որ հայկական կողմն ի սկզբանե կողմնակից լինելով սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը` ամենաշահագրգիռ կողմն է վստահության մթնոլորտի ստեղծման ու հետագա էսկալացիան բացառելու ուղղությամբ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի իշխանությունների դեպքում, որոնք հետեւողականորեն մերժում են այդ մեխանիզմների կիրառման ապահովումը: Փաստացի միջնորդներն արձանագրել են, որ Բաքվին են տեսնում որպես հրադադարի ռեժիմը խախտող ու լարվածություն առաջացնող կողմ: Կարելի է կանխատեսել, որ ապագայում Բաքվում նոր արշավ կսկսվի ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության: Բաքվից բավական բարձր մակարդակով արդեն իսկ դժգոհությունների առաջին «ծիծեռնակներն» ի հայտ են գալիս: Համանախագահների` Բաքվում գտնվելու օրը Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից. «Նախագահ Ալիեւը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը ոչ մի թիզ հող չի զիջի որեւէ մեկին: Միեւնույն ժամանակ մենք պատրաստ ենք տարածաշրջանում հասնել կառուցողական խաղաղության»: Իսկ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն ավելի հեռուն է գնացել` դժգոհություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից. «Թող նրանք ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է՝ այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»:

Որեւէ մեկը գիտի՞, թե ինչ զիջման է պատրաստ պաշտոնական Բաքուն ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների գերխնդիրն այսօր լայնամասշտաբ պատերազմը կանխելն է: Սա պարզ է: Բայց ընդունենք, թե միջնորդներին հաջողվում է հարաբերական անդորր հաստատել (թեեւ Ադրբեջանի կողմից սադրանքները, լարվածության նոր ալիքները երբեք չարժե բացառել, ավելին` Ադրբեջանի միակ հույսը այդօրինակ մեթոդներով միջնորդ երկրներին շարունակաբար շանտաժի ենթարկելն է), ի՞նչ են քննարկելու կողմերը բանակցությունների սեղանի շուրջ: Մադրիդյան սկզբունքները շարունակո՞ւմ են բանակցությունների սեղանին մնալ, դրանք որքա՞ն են մշակվել, վերամշակվել, փոխվել ու փոփոխվել, ու դրանք այսօր համահո՞ւնչ են ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի պատկերացումներին: Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ադրբեջանն առհասարակ խաղաղ բանակցություններում փոխզիջումներով խնդրի կարգավորումը պարզապես մերժում է: Առհասարակ որեւէ մեկը գիտի՞, թե ինչ զիջման է պատրաստ պաշտոնական Բաքուն: Երկու տասնամյակից ավելի պաշտոնական Բաքուն բացառապես մեկ բան է կրկնում` «պատրաստ ենք Ղարաբաղին տալ բարձր ինքնավարություն»: Ու, թերեւս միակ զիջումը, կարելի է ենթադրել, Ադրբեջանի կողմից չպատերազմելու խոստումը կարող է լինել (եթե, իհարկե, լինի այդպիսին), որի վրա էլ հիմնվել չի կարելի: Այսինքն՝ Բաքվի դիրքորոշումն առհասարակ բանակցային գործընթացում կարգավորման փիլիսոփայության սահմաններից դուրս է: Միեւնույն ժամանակ, սակայն, որքան էլ ստեղծված իրավիճակը փակուղային է ԼՂ խնդրի կարգավորման համար, այնուամենայնիվ հայկական կողմին ձեռնտու է` նոր մոտեցումներ առաջ քաշելու տեսանկյունից` Բաքվի ապակառուցողական կեցվածքի հետեւանքով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցից առաջ ուշագրավ էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որոնք էլ իրենց հերթին փաստեցին բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը: Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն մանր, բայց շատ կարեւոր եւ զգայուն դետալները՝ նշեց նա` մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից. «Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածությունները՝ տարբեր ձեւաչափերով, բազմիցս շատ մոտ էին հանգուցալուծմանը, բայց առաջանում էր անվստահության բնազդ մեկ՝ մի կողմի, մեկ՝ մյուս կողմի մոտ… Սակայն պետք է շարունակել աշխատանքները»: Ռուսաստանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել հանգուցալուծման հասնելու ճանապարհը: «Կա սկզբունքների մի փաթեթ, որոնք ընդհանուր առմամբ բոլորի կողմից համաձայնեցված են, սակայն սատանան դետալների մեջ է՝ ինչպես շարժվել առաջ դեպի այդ հանգուցալուծումը, ինչ ճանապարհով: Դրանք արտաքուստ մանր դետալներ են, սակայն շատ բարդ, զգայուն, այդ թվում նաեւ՝ ներքաղաքական զարգացումների առումով զգայուն»,- ասել էր Լավրովը: «Կողմերը հիմնականում չհերքելով հենքը՝ տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը»,- հավելել էր նա: Համանախագահների վերջին այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ միջնորդներն ու ՀՀ իշխանությունները «կարեւորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը նրանց ուշադրությունն է հրավիրել, որ «ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն ձեռք բերվեց մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը եւ հրապարակվեց Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը, ըստ ավանդույթի, ոչ միայն չկատարեց պայմանավորվածությունը, այլեւ հանդես եկավ անհեթեթ մեկնաբանությամբ, թե իբր Մոսկվայի հանդիպմանը արտգործնախարարները ոչ թե կարեւորել են նախորդ տարվա գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այլեւ բանակցություններին քննարկվել են գագաթնաժողովներին կայացած բանակցությունները»։ Նալբանդյանն ընդգծել է, որ թեեւ մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլեւ անել լրիվ հակառակը: Նրա բնորոշմամբ՝ «հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Երեւանում հանդիպեցին նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: ՊՆ-ի փոխանցմամբ` պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վրա` ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքը: «Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարեւոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, արձանագրեցին, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերի լարվածության աճը սկսվել է «ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետեւանքով»: Հայկական կողմը պետք է փորձի հասնել կարգավորման գործընթացում քաղաքական տրամաբանության փոփոխության: Դրան պետք է հասնել նախաձեռնողական քաղաքականության արդյունքում, համառ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ: Պաշտոնական Երեւանն է, որ իրավիճակը փակուղուց պետք է դուրս բերի` նախ Ադրբեջանին պարտադրելով հարգել հրադադարի ռեժիմը, որից հետո միայն եռանախագահող երկրների միջոցով նոր մոտեցումներով կարգավորման հասնելու ելքեր նախանշել, որոնք չեն առաջացնի նոր փակուղային իրավիճակներ: Արդյոք ժամանակը չէ՞, որ Արցախը դառնա հակամարտության ու կարգավորման լիիրավ կողմ։ Ինչպե՞ս ենք օգտագործում կամ՝ բավարար չափո՞վ ենք օգտվում Սփյուռքի լոբբիստական կառույցների ներուժից Արցախի միջազգային ճանաչման հարցում: Այս հարցադրումների խորքում է Արցախի կարգավիճակի հստակեցումը, առանց որի հնարավոր չէ այսօրվա Ադրբեջանի պայմաններում առհասարակ որեւէ համաձայնության, անգամ` պայմանավորվածության հասնել: Հետեւաբար առանց վերջնական խաղաղության պայմանագրի, առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման՝ որեւէ այլ բանաձեւով ու տարբերակով դրույթներն ու պայմանները լինելու են ժամանակավոր ու դարձյալ փակուղի տանող ճանապարհներ: Ընդ որում, սա պետք է վաղ թե ուշ գիտակցեն նաեւ Ադրբեջանի իշխանությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *